Տևական դադարից հետո ԼՂ-ից 41 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ. նրանց տեսանկարահանել են, ստիպել ոտքով հատել սահմանը (տեսանյութ)
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և ԼՂ 41 քաղաքացիների տեղափոխություն ԼՂ-ից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր:
Այս մասին հայտնում են ԼՂ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնից:
ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ ԼՂ քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:
Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը:
Այս պահի դրությամբ հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են ԼՂ վերադարձին, շտապ և պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային և այլ նպատակներով երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը հազարավոր անձանց մոտ:
Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն ԼՂ քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների:
Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները և իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը և օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը (ապացույցը՝ կից տեսանյութով):
Կարծիքներ