Անդրանիկ Փիլոյանն ու ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հանդիպել են

Անդրանիկ Փիլոյանն ու ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հանդիպել են

Նոյեմբերի 10-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ համագործակցության նոր ուղղություններ քննարկելու նպատակով:

 

«Նախարարը նշել է, որ տարեսկզբին կայացած առաջին հանդիպման արդյունքները համագործակցության առումով դրական են և փոխգործակցության նոր ձևաչափերի համար՝ լավ մեկնարկ: Այս փուլում խոսքը գնում է բելառուսական արտադրության հրշեջ մեքենա, փրկարարական տեխնիկա ձեռք բերելու մասին»,- նշված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Դեսպան Ալեքսանդր Կոնյուկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն օպերատիվությամբ կազմակերպել անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը՝ պահանջվող տեխնիկայի ձեռքբերումը հնարավորին սեղմ ժամկետներում ապահովելու համար:

 

Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև համագործակցությունն իրականացվում է 2011թ.-ին Մինսկում կնքված «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի և դրա շրջանակում ստեղծված Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում հայ-բելառուսական միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների իրականացման կանոնակարգի շրջանակներում:

 

Նշվում է, որ անցած տարիներին համագործակցության շրջանակներում իրականացվել են բազմաթիվ պաշտոնական փոխայցեր, տեխնիկական համագործակցություն, փոխանակման և կրթական ծրագրեր, մասնավորապես՝ միջուկային և ճառագայթային անվտանգության, աղետների դիմակայության թեմաներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում