Ոստիկանները Երևանում ապօրինի զենք-զինամթերք պահելու երկու դեպք են բացահայտել

Ոստիկանները Երևանում ապօրինի զենք-զինամթերք պահելու երկու դեպք են բացահայտել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, Մյասնիկյան պողոտայի գիշերային ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու երիտասարդի: 30-ամյա երիտասարդի «Օպելի» սրահում հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ըստ աղբյուրի՝ նույն օրը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արցախի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 37-ամյա տղամարդու՝ իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով, և 36-ամյա ուղևորին: Մեքենայում հայտնաբերվել են «Վինչեստր» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացան, փամփուշտներ և ծալովի դանակ:

Նշվում է, որ տղամարդիկ և նախապատրաստված նյութերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում