ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագրի խորհրդի նիստին:

Ողջույնի խոսքում խորհրդարանի ղեկավարը կարևորել է ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործման հարցում միջազգային գործընկերների հետ աշխատանքը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է  խորհրդարանական ժողովրդավարության լավագույն փորձը փոխանցելու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունը և այն տեղայնացնելու՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությունը:

«Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի գործունեությունն անցած 3 տարիների ընթացքում եղել է արգասաբեր՝ Ազգային ժողովի 7-րդ և 8-րդ գումարումների խորհրդարանների փոխակերպման, օրենսդրական նախաձեռնությունների որակի, թվային լուծումների, երիտասարդների ներգրավման և այլ հարցերում: Ծրագիրը նաև նպաստել է Ազգային ժողովի միջազգային փոխազդեցությունների, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ փոխանակումները Շվեդիայի և Ավստրայի խորհրդարանների, Միջխորհրդարանական միության (IPU) և այլ միջազգային հարթակների հետ մնայուն արժեք են խորհրդարանականների և աշխատակազմի համար:

«Խորհրդարանական ժողովրդավարության մասին հանրության իրազեկվածության բարձրացման գործում ծրագրի կատարած աշխատանքը նույնպես նոր սկիզբ և նոր մոտեցումներ է բերել՝ ռազմավարական հայեցակարգի մշակման և ԱԺ աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Համատեղ իրականացված կարևոր գործողությունների շարքում ՀՀ ԱԺ նախագահն առանձնացրել է նաև Ազգային ժողովի թվայնացման օրակարգը և գենդերային հավասարության ու սոցիալական ներառման հայեցակարգը:

«Մենք համագործակցում ենք «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի թիմի հետ կարողությունների զարգացման, որոշումների կայացման մեջ կանանց մասնակցությանը նպաստելու ուղղությամբ, և այն որպես օրինակելի մոդել՝ ծառայեցնելու ամբողջ կառավարման համակարգում»,- նշել է օրենսդիր մարմնի ղեկավարը:

Փաստելով, որ զգալի աշխատանք է կատարվել՝ Ալեն Սիմոնյանն աջակցության հնարավորության համար երախտագիտություն է հայտնել Շվեդիային և այդ հնարավորությունն Ազգային ժողովում արդյունավետ իրականացնելու համար՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին ու հույս հայտնել, որ,չնայած ծրագիրը ավարտական փուլում է, բայց կունենա տրամաբանական շարունակություն:

ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի խոսքով՝ Շվեդիայի կառավարությունը պատրաստակամ է տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու Հայաստանի ժողովրդավարական օրակարգին:

Նրա գնահատմամբ՝ ծրագիրը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական կառավարման համակարգի բարելավմանը, օրենսդրական վերահսկողությանը և ներկայացվածությանը:

Դեսպանը ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների համատեքստում խոսել է, մասնավորապես, Շվեդիայի խորհրդարան այցի, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հետ արդյունավետ համագործակցության, Ազգային ժողովի «Ամառային դպրոց» հաջողված նախաձեռնության մասին:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում եղել են բազմաթիվ մարտահրավերներ, սակայն միասնական աշխատանքի շնորհիվ մեծ ձեռքբերումներ են գրանցվել:

ԱԺ գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացման տեսանկյունից զեկուցողը ներկայացրել է ծրագրի շրջանակում ԱԺ տեխնիկական հագեցվածության մասով իրականացվող քայլերը: Ներկայացնելով հանրային կարծիքի գնահատման արդյունքները՝ Նաթիա Նացվլիշվիլին փաստել է, որ դրանք վկայությունն են խորհրդարանի թափանցիկության:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանն էլ ընդգծել է ծրագրի կայունությունը, թափանցիկությունն ու ներառականությունը: Պատգամավորը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում կա համագործակցություն ընդդիմադիր գործընկերների հետ: Հռիփսիմե Գրիգորյանը խոսել է նաև երիտասարդների ներգրավվածության մասին՝ փաստելով, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ծրագիրը մնայուն է, միտված է ապագային:

Ծրագրի նպատակների, գրանցված արդյունքների և հետագա քայլերի մասին խոսել է ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը՝ ներկայացնելով խորհրդարանի ու աշխատակազմի մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման հարցում իրականացված գործողություններն ու միջոցառումները:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանն ու Արմենուհի Կյուրեղյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ևս կարևորել են ծրագրի արդյունավետությունը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական:

Նրանք մատնանշել են ծրագրի այն բազմաթիվ միջոցառումները, որոնք միտված են եղել ՀՀ ԱԺ աշխատանքների բարելավմանը, աշխատակիցների կարողությունների զարգացմանը:

Նիստի ավարտին հաստատվել է 2023 թվականի աշխատանքային պլանը:

Նիստի մասնակիցները նշել են, որ պատրաստակամ են զարգացնելու սերտ համագործակցությունը: Նրանք հույս են հայտնել, որ արդյունավետ ծրագիրը կլինի շարունակական:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում