Թուրքիան պետք է դատապարտվի իր գործողությունների համար. Հունաստանի ԱԳ նախարար.1lurer.am
1lurer.am Իմ այցը Հայաստան այս օրերին խորհրդանշական է մեր երկրների բարեկամության տեսանկյունից: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին ասաց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:
Նա հայտնեց, որ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Ես շատ հուզված էի, քանի որ մեր ժողովուրդները կիսում են հանցագործությունների խորը ցավը: Այս ողբերգական իրադարձությունների հիշողությունը չպետք է մոռացվի, որպեսզի դրանք չկրկնվեն»,- նշեց նախարարը:
Դենդիասի խոսքով՝ իրենք Աթենքից հետևում են Արցախում տեղի ունեցող զարգացումներին, ողջունում են մոսկովյան փաստաթղթի ընդունումը, սակայն, ըստ նրա, իրենց մտահոգում է կրակի դադարեցման պայմանավորվածության չկատարումը:
«Մենք կարծում ենք՝ լուծումների կարելի է հասնել միայն դիվանագիտական լուծումներով՝ վերադառնալով բանակցային սեղան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»,- ասաց Հունաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է տարբերակի նրանց, ովքեր յուղ են լցնում հակամարտության վրա, և նրանց, ովքեր խաղաղ կարգավորման կողմնակից են:
«Անկարայի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության գոտում շատ մտահոգիչ է: Արտաքին ուժերի մասնակցությունն անթույլատրելի է: Հունաստանն իր ձայնը բարձրացրել է: Մենք կոչ ենք արել ԵՄ-ին՝ հորդորել կողմերին հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով:
Փոխանակ բանակցությունների կոչ անելու՝ մենք բախվեցինք թուրքական սադրանքների վերսկսմանը: Թուրքիան պետք է դատապարտվի իր գործողությունների և ոչ թե հայտարարությունների համար»,- ընդգծեց Նիկոս Դենդիասը:
Կարծիքներ