ՔՏՀԱ դիտարկման թիրախում կրկին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտն է
Հուլիսի 8-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ կրկին համատեղ խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ այսօր իրականացված գործառույթների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացրած դիտարկումների տվյալների համաձայն վարչական տարբեր շրջաններում և մարզերում Տեսչական մարմինը կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում արձանագրել է խախտումների թվաքանակի և բնույթի կտրուկ նվազման ցուցանիշ։
Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում անվտանգության կանոնների պահպանումը դեռևս շարունակում է մնալ խնդրահարույց, այստեղ կրկին արձանագրված գերակշռող խախտումները հետևյալն են՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ։
Հայտնաբերված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։
Տեսչական մարմինը՝ զուգահեռ վերահսկողական աշխատանքներին, շարունակում է իրականացնել իրազեկման, բացատրական աշխատանքներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, վարորդներին և ուղևորներին տալիս պարտադիր կատարման ցուցումներ։
Կարծիքներ