Վրաստանն ԱՄՆ-ից Javelin հակատանկային համալիրների նոր խմբաքանակ կգնի
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել ԱՄՆ-ից գնել Javelin հակատանկային համալիրների նոր խմբաքանակ՝ 30 մլն դոլար գումարի չափով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը կառավարության նիստից հետո։
«Վրաստանի պաշտպանության ուժերի պաշտպանունակությունն ուժեղացնելու և հակատանկային կարողությունները բարելավելու նպատակով կառավարությունն աշխատում է Javelin հակատանկային շարժական հրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Ինչպես գիտեք, 2021 թ. ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է կայացրել Վրաստանին 30 մլն դոլարի Javelin համակարգերի հնարավոր վաճառքի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի կառավարությունը նախատեսում է զենքը գնել պարզեցված եղանակով՝ բյուջեից ուղղակի փոխանցումով, հավելել են մամուլի ծառայությունից։
2017 թվականին ԱՄՆ պետքարտուղարությունն առաջին անգամ հավանություն տվեց Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների համար 410 հրթիռների և 72 հրամանատարական կայանների, այդ թվում՝ երկու հրամանատարական արձակման բլոկների վաճառքին՝ 75 միլիոն դոլար գումարի չափով։ Մատակարարումները սկսվեցին 2018 թվականի հունվարին և ավարտվեցին 2019 թվականին։
Երկրները համագործակցում են 1992 թվականից՝ քաղաքականության, տնտեսության, առևտրի, իսկ 1990-ականների վերջից՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ 2009 թվականի հունվարին Վաշինգտոնում կազմվել է երկու երկրների ռազմավարական գործընկերության խարտիան, որը նախատեսում է համագործակցություն անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում։ 2016 թվականին Թբիլիսիում հուշագիր է ստորագրվել պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին։
Կարծիքներ