Ձեզ էլ շատ լավ գիտեմ, ձեր թելած թելն էլ շատ լավ գիտեմ. Նիկոլ Փաշինյանը՝ Էլինար Վարդանյանին
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ գերիներին առնչվող հարցին, ասաց. «Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց: Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերը էդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն: Որ պահին Ադրբեջանը արձագանքի, դա ուժի մեջ մնացող արձագանք է»:
Վարչապետը վերահաստատեց իր նախորդ հնչեցրած միտքը, որ գերեվարման ամեն դեպք պետք է առանձին հետաքննվի. «Ի՞նչն է այդտեղ զարմանալի: Կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ չեն լինի, և կլինեն դեպքեր, որտեղ կլինեն: Զինվորականն ունի իրավունքներ և պարտականություններ, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Զենքը տրվում է զինվորականին ի պատասխանատվություն, զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում»:
Նրա խոսքով՝ ամեն օր աշխատանք է տարվում գերիների վերադարձման համար. «Բայց դա չի նշանակում, որ հետաքննություն չի արվելու»:
Վարչապետը հավելեց, որ ինքը գերիների ծնողների հետ տասնյակ անգամներ հանդիպել է և շատերին է ճանաչում:
Արձագանքելով Էլինար Վարդանյանի հարցին, թե որտեղ էր վարչապետը նոյեմբերի 9-ից հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես եղել եմ իմ պաշտոնավարման դիրքերում և ոչ մի վայրկյան դրանից չեմ կտրվել: Էլի դեղին Ժիգուլու կանխավարկածը սկսեցի՞ք՝ էդ որտեղ էի՞ք. Հայաստանի Հանրապետությունում էի: Իսկ թե ես ում հետ կհանդիպեմ կամ չեմ հանդիպի՝ դուք չեք որոշում: Ձեզ էլ շատ լավ գիտեմ, ձեր թելած թելն էլ շատ լավ գիտեմ, ձեր շրջապատում գտնվողներին էլ շատ լավ գիտեմ, ավելին, քան դուք պատկերացնում եք»:
Կարծիքներ