Եթե չպատվաստվենք, աշնանը գուցե կանգնենք նոր խնդրի առջև. Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում, հանդիպել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացին վերաբերող հարցուպատասխանին:
«Քովիդ-19»-ի հիվանդացության առումով Լոռու մարզի ցուցանիշները բարձր են եղել, բայց, ցավոք, պատվաստումների մասով նույն բարձր ցուցանիշը չի արձանագրվում։ Եթե չօգտագործենք համավարակի համար համեմատաբար հանգիստ ժամանակահատվածը ու չպատվաստվենք, ապա աշնանը կրկին կկանգնենք նոր խնդրի, գուցե նաև նոր ալիքի առջև»,- ասել է Ավանեսյանը` հավելելով, որ ճամփորդելու առումով պատվաստման հանգամանքը ևս կարևոր է, քանի որ շատ երկրներ արդեն իսկ դրել են այդ նախապայմանը:
Այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը եղել է Վանձորի թիվ 1 պոլիկլինիկայում, ծանոթացել տեղի պայմաններին, հետաքրքրվել պատվաստման գործընթացով, ինչպես նաև պատասխանել աշխատակիցների հարցերին:
Այնուհետև Անահիտ Ավանեսյանն այցելել է Սպիտակի ԲԿ պոլիկլինիկա, զրուցել բուժաշխատողների հետ, ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել մարզում պատվաստումների ընթացքին:
Կարծիքներ