«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների ապահովման նպատակով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման գծով միառժամանակ վարչարարություն չի իրականացնելու և (կամ) իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ միաժամանակ հորդորելով հարկ վճարողներին սեղմ ժամկետում ապահովելու օրենքի պահանջների կատարումը:
Ընդ որում՝ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» դեռևս 2022 թվականի հուլիսի 18-ից հարկ վճարողներին հասանելի է դարձել նաև ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը:
Կոմիտեի վերլուծությունները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք դեռևս պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ապահովելու համար:
Հաշվի առնելով նշվածը՝ Կոմիտեն հայտարարում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում սկսում է ակտիվ վարչարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նպատակով:
Կարծիքներ