Ստուգայցեր՝ երևանյան արտադրամասերում․ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ COVID-անվտանգության ի՞նչ հիմնական նորմեր են սահմանված
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայց են իրականացրել մայրաքաղաքի կաթնամթերքի և սուրճի արտադրամասերում։ ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են արտադրամասերում սանիտարահամաճարակային նորմերի, աշխատողների համար սահմանված անվտանգության կանոնների պահպանման գործընթացը։
Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։
Տեսչականի մասնագետները արտադրամասերում առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսվարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում։
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով փակ արտադրական տարածքի համար սահմանված սանիտարական կանոններն են, մասնավորապես,
Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել՝
Անձնակազմի թվին համապատասխան դիմակների առկայությունը,
ձեռքերի և գույքի ախտահանիչ միջոցների առկայությունը,
ձեռքերի լվացման հնարավորություններ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով,
«Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,
հեռահար ջերմաչափով։
Տարածքների ախտահանմանը ներկայացվող պահանջներ՝
Ամեն օր՝ մինչ աշխատանքի սկիզբը, գույքի մակերեսները՝ բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտի կամ քլորային ախտահանիչով,
Ապահովվում է աշխատողների՝ միմյանցից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Եթե աշխատանքային տարածքում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը, սահմանվում է հերթափոխային աշխատանք,
Ամեն աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքն ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով,
Եթե աշխատանքային գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանումն իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար,
Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև ընդունման-հանձնման ժամանակ արգելվում է անմիջական շփումները,
Կազմակերպությունն ապահովում է աշխատատեղերի պատշաճ բնական օդափոխություն՝ օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,
Ընդմիջման և սննդի ընդունման կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ,
Կազմակերպությունը ապահովում է աշխատողների արտահագուստի համար նախատեսված հանդերձապահարաններ։
Աշխատողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվում են առանձին պահանջներ։
Կարծիքներ