15 օրում՝ 96 միլիոն դրամ. մեքենաների ապակիների «պլյոնկաների» համար տուգանվել է 3800 վարորդ

15 օրում՝ 96 միլիոն դրամ. մեքենաների ապակիների «պլյոնկաների» համար տուգանվել է 3800 վարորդ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային և Ճանապարհային ոստիկանությունը շուրջ 15 օրում մեքենաների «պլյոնկաների» համար տուգանել է 96 միլիոն 350 հազար դրամի: 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողները 2023թ. հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը հայտնաբերել են առջևի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ երթևեկող 1032 տրանսպորտային միջոց, որից 485 դեպքով (12 միլիոն 125 հազար ՀՀ դրամ) կազմվել է համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 65-ը բանավոր նախազգուշացվել է, իսկ 482-ը թերությունը վերացրել է տեղում:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողներն էլ 2023թ-ի հունիսի 1-14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են առջևի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ երթևեկող 5132 տրանսպորտային միջոց, որից 3369-ի դեպքում (84 միլիոն 225 հազար ՀՀ դրամ) կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, 1607-ը նախազգուշացվել է, իսկ 1340-ը թերությունը վերացրել է տեղում:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս՝ մայիսին, վարորդներին կոչ արվեց հեռացնել մեքենաների առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Օրենքի համաձայն՝ հունիսի 1-ից Պարեկային ծառայողները և Ճանապարհային ոստիկանները լուսաթափանցելիության չափի խախտում հայտնաբերելու դեպքում վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկում՝ նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում