Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում․ Լավրով
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կլուծվեն քաղաքական կամքի առկայության դեպքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի մեջ փորձարկված դաշնակցային կապը փոխում է անգամ ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում:
Ըստ Լավրովի՝ արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և, ընդհանուր առմամբ, նրանց խնդիրն է Հարավային Կովկասից դուրս մղել Մոսկվային։
Լավրովը նաև խոսել է Հայաստանում գտվող 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին՝ նշելով, որ դրա նպատակահարմարության մասին մտածելը վնասակար է։
«Վնասակար ենք համարում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ դատողությունները։ Այն այնտեղ տեղակայելու մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հենվելով առաջին հերթին ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր խնդրի վրա»,- ասել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ այսօր ՌԴ զինվորականները այդ տարածաշրջանում խաղաղության ապահովման առանցքային տարրն են:
Կարծիքներ