Արտաքին հետախուզության ծառայություն կստեղծվի. նախագիծ
Առաջարկվում է ստեղծել նոր՝ Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի խոսքով՝ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։
Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը»,- ասել է Մինասյանը:
Կարծիքներ