Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնը կաջակցի ՀՀ-ին ժողովրդագրության ռազմավարության մշակման հարցում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնի հիմնադիր տնօրեն Վոլֆգանգ Լուցի հետ։
Կառույցը, որը ժողովրդագրության մեթոդների առաջախաղացման և մարդկային կապիտալի ու բնակչության դինամիկայի վերլուծության համաշխարհային առաջատարներից է, գործընկերների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում ժողովրդագրության բարելավման, մարդկային կապիտալի զարգացման արդյունքների վերլուծության ոլորտներում:
Հաշվի առնելով այն, որ նախարարությունն այս պահին գտնվում է ռազմավարությունների մշակման գործնական փուլում, և աշխատանքներ են տարվում մասնավորապես ժողովրդագրության ռազմավարության մշակման և իրավիճակի բարելավման ուղղությամբ, կողմերը քննարկել են լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։
Զրույցի առանցքային հարցերից են եղել ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանն ուղղված համաշխարհային միտումները, դրանց ընթացքն ու ազդեցությունը։ Նախարարը ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող ծրագրերը, ներկայումս մշակվող ռազմավարության աշխատանքները, ունեցած պատկերն ու ակնկալվող արդյունքները։
Վոլֆգանգ Լուցն անդրադարձել է Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնի կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքներին տարածաշրջանում և մասնավորապես ՀՀ-ում։ Հատուկ ընդգծվել է, որ ժողովրդագրության լուծումների հիմքում ընկած է բազմաչափ մոտեցումը` հաշվի առնելով անձի առողջական վիճակը, աշխատունակությունը, կրթական մակարդակը և այլ կատեգորիաներ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախապատրաստել համագործակցության հուշագիր, որի շրջանակում Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնը կաջակցի ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը մշակող թիմին աշխատանքների իրականացման հարցում։
Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնը ձևավորվել է Ավստրիայի գիտությունների ակադեմիայի, Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտի և Վիեննայի համալսարանի համագործակցությամբ։
Կարծիքներ