Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո. Փաշինյան
Այսօր՝ ժամը 06:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ: Ակտիվ հրետակոծությունը նվազել է հայկական կողմի ադեկվատ պատասխանի արդյունքում: Կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ ադրբեջանական այս գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:
«Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակի ֆորմատով նախատեսված բանակցությունները»,- ասել է վարչապետը:
Կարծիքներ