Գնանկում է արձանագրվել. փաստեր
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հունիսը 2019թ. հունիսի նկատմամբ) կազմել է 1.7 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.4 % գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:
2020թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2 %
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.8-0.8 %-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում արձանագրվել է Հրազդան քաղաքում: Երևանում սպառողական գների մակարդակը նվազել է 1.3 %-ով:
Պաշտոնական վիճակագրությամբ՝ ընթացիկ տարվա հունիսին 2019 թվականի հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0 % գնաճ, իսկ մայիսի համեմատ՝ 3.5 % գնանկում: Բանջարեղենի շուկայում հունիսին անցյալ տարի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 4.6 % գնաճ, իսկ մայիսի համեմատ՝ 22.0 % գնանկում:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 3.5 %, մայիսի համեմատ՝ 1.4 % գնանկում:
Ձվի գինը 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ նվազել է 19.2 %-ով, իսկ ընթացիկ տարվա մայիս ամսվա համեմատ՝ 5.1 %-ով:
Ըստ ԱՎԿ-ի՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.3%, իսկ 2020 թ. մայիսի համեմատ` 1.2 % գնանկում:
Մեկ տարվա ընթացքում շաքարավազն էժանացել է 5.3 %-ով: Իսկ մայիսին շաքարավազի գնանկումը կազմել է 0.9 %:
Հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան և ծովամթերքի, մսամթերքի՝ 0.4-0.1 % գնանկում:
Պատկերն այլ է մրգի շուկայում: Հունիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ամեմատ արձանագրվել է 14.2 %, իսկ մայիսի համեմատ` 4.1 % գնաճ:
2020 թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 12.0 % և 8.8 %, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.3 % և 0.4 % գնաճ:
Կարծիքներ