Բահրեյնում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը
Բահրեյնի Թագավորությունում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ վարակակիրը Բահրեյն է ժամանել արտերկրից: Նրան անմիջապես մեկուսացրել են:
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ձեռնարկում են բոլոր քայլերը բնակչությանը օմիկրոն շտամից պաշտպանելու նպատակով:
Դեռևս նոյեմբերի 26-ից իշխանություններն օմիկրոն շտամի պատճառով կասեցրել են Հարավային Աֆրիկայի վեց երկրներից, այդ թվում և Հարավաֆրիկյան Հանրապետությունից մուտքն իրենց երկիր:
1.7 մլն բնակչություն ունեցող երկրում կա կորոնավիրուսի 311 ակտիվ դեպք: Հիվանդությունից առողջացել է 276 հազար 292 մարդ, 1394 մարդ մահացել է:
Բահրեյնում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերն ամենաբարձրերից են աշխարհում: Վերջին տվյալներով՝ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 192 հազար 110 մարդ, երկու դեղաչափ՝ 1 մլն 164 հազար 880 մարդ, իսկ բուստերային դեղաչափ՝ 674 հազար 56 մարդ:
Կարծիքներ