Կորոնավիրուսի դեմ Moderna-ի մշակած պատվաստանյութի արդյունավետությունը 94,1% է կազմել
Կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության մշակած պատվաստանյութի արդյունավետությունը առաջին անալիզի ժամանակ 94,1% է կազմել, իսկ հիվանդության ծանր դեպքերում՝ 100%, հայտնում է РБК-ն։
Պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել է ավելի քան 30 000 կամավոր: Նրանցից 196 մարդ վարակվել է կորոնավիրուսով, նրանք 185 կամավորներ են, ովքեր պլացեբո են ստացել, եւ 11 կամավորներ, ովքեր պատվաստանյութ են ստացել: Այսպիսով, դեղամիջոցի արդյունավետությունը կազմել է 94,1%:
Moderna-ն նաեւ գնահատել է, թե ինչպես է իր պատվաստանյութը ազդում COVID-19-ի ծանր դեպքերի վրա: Ուսումնասիրության մասնակիցների շրջանում 30 մարդ հիվանդ է եղել կորոնավիրուսի ծանր ձեւով: Նրանք բոլորը եղել են այն խմբում, որոնք պլացեբո են ստացել: Պատվաստանյութ ստացած կամավորների շրջանում ոչ մեկը COVID-19-ի ծանր ձեւով չի հիվանդացել, ինչը խոսում է նման դեպքերում պատվաստանյութի հարյուր տոկոսանոց արդյունավետության մասին, նշել է ընկերությունը:
Պատվաստանյութի արդյունավետությունը կախված չէ տարիքից, ռասայից եւ սեռից, նշել է ընկերությունը: Պլացեբո ստացողների շրջանում մեկ մարդ է մահացել կորոնավիրուսից:
Moderna-ն նաեւ հայտարարել է, որ նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ում իր պատվաստանյութի կիրառման հայտ կներկայացնի: Այն պետք է ուսումնասիրվի Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչության (FDA) կողմից: Նախկինում Pfizer դեղագործական ընկերությունը, որը հաղորդում էր իր դեղամիջոցի 94% արդյունավետության մասին, ԱՄՆ-ում իր պատվաստանյութի գրանցման հայտ էր ներկայացրել:
Moderna-ն մի փոքր իջեցրել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի նախնական գնահատումը: Նոյեմբերի 16-ին նա հայտնել է, որ դեղամիջոցի արդյունավետությունը 94,5% է:
Moderna պատվաստանյութի մեկ դոզան կարժենա 25-37 դոլար, հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը: «Սա արդարացի գին է՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի համար COVID-19-ով ծանր հիվանդների բուժման ծախսերը: Մենք շահագրգռված չենք առավելագույն շահույթ ստանալ»,- հավելել է նա:
Եվրամիությունը Moderna-ի պատվաստանյութի 80 միլիոն չափաբաժին կգնի, Մեծ Բրիտանիան՝ 7 միլիոն: Դեղամիջոցի ամենամեծ գնորդը Միացյալ Նահանգներն է՝ նրանք նախապես 500 միլիոն դոզա են պատվիրել, հայտնում է Bloomberg-ը։
Կարծիքներ