Պետք է հրապարակել ոչ թե կորոնավիրուսով վարակված թաղամասերը, այլ շենքերի հասցեները. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հրապարակել ոչ թե կորոնավիրուսով վարակված թաղամասերը, այլ շենքերի հասցեները: «Պետք է ոչ թե թաղամասերով, այլ շենքերով, հասցեներով հրապարակել, թե որտեղ քանի կորոնավիրուսով հիվանդ մարդ կա: Թող ով չի հավատում՝ գնան տեսնեն: Այսքան ժամանակ չենք կարողացել գոնե մեկ քաղաքացու համոզել, որ գա, կանգնի ասի, որ իր հարազատը մահացել է: Չնայած իրենց սուգն էլ ենք հասկանում»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Արսեն Թորոսյանը համաձայնեց վարչապետի հետ՝ նշելով, որ իրենք դրանով կզբաղվեն:
«Երբ սահմանափակումներ էինք դրել կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվություն տարածելու, պարզվեց խոսքի ազատությունն ենք խախտում: Հիմա չենք խախտում, ով ինչ հիմարություն ասես, ասում է: Ասում են՝ կորոնավիրուս չկա, վթարից մահացածի հարազատներին փող են տալիս, որ համաձայնեն, որ իրենց հարազատը կորոնավիրուսից է մահացել»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ, նկատեց վարչապետը:
Հայաստանում հունիսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 89 992 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 309 դեպք:
Արձանագրվել է մահվան 101 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կարծիքներ