ԿԳՄՍ նախարարի տեղակալները Պարարվեստի պետական քոլեջի պատասխանատուների հետ քննարկել են մի շարք հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այցով եղել են Երևանի պարարվեստի պետական քոլեջում:
Քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալները շրջայց են կատարել քոլեջում, ծանոթացել ինչպես շենքային պայմանների և ենթակառուցվածքների խնդիրներին, այնպես էլ բովանդակային և կառուցվածքային մի շարք հարցերին:
Առանձնապես կարևորվել է շենքի բարեկարգման, մասնագիտական գույքի, պարագաների համալրման խնդիրները, որոնց ուղղությամբ քննարկվել և նախանշվել են լուծման հնարավոր ուղիներ:
Նախարարի տեղակալները պատասխանատուների հետ քննարկել են նաև 2023 թվականին քոլեջում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ընթացող բեմադրական աշխատանքները:
Նշենք, որ այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով կբեմադրվի Գլազունովի «Ռայմոնդա» բալետի երրորդ գործողությունը, որով սաները հանդես կգան ինչպես քոլեջի, այնպես էլ Հայաստանի օպերայի և բալետի բեմերում:
Շրջայցի շրջանակում Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանը դիտել են քոլեջի առաջին, երկրորդ և ավարտական կուրսերի սաների մասնագիտական փորձը, որոնք ներկայացրել են «Ռայմոնդա» բալետից հատվածներ:
Կարծիքներ