Գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք

Գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Երեկ գրանցվել է 810 դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 6220 թեստավորում, ունեցել ենք 30 մահ: Ցավով պետք է նշեմ, որ գիշերը նաև ունեցել ենք հղի կնոջ մահ՝ կորոնավիրուսով պայմանավորված»,-ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով, «դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավականին ագրեսիվ ընթացքով: Հղիները առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: Հիմա վարակված է 100-ից ավելի  հղի: «Ժամանակի ընթացքում անընդհատ մոտավորապես պահպանվում է այս ցուցանիշը, որոնց գրեթե կեսն ունեն թոքաբորբ՝ տարբեր ծանրության աստիճանների: Մեր բժիշկների թիմն անում է հնարավորինս՝ նրանց հնարավոր լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու համար»,-ասաց Ավանեսյանը:

Համաճարակային իրավիճակը մնում է լարված: Նախարարի խոսքով՝ նախորդ 2 շաբաթվա ընթացքում դպրոցների արձակուրդները և բուհերի առցանց դասերի ընթացքը որոշակի դրական միտում ունեցել է՝ թվերի գոնե պահպանման իմաստով: Նախարարը նկատել է, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում ավելի խստորեն է պահվում դիմակների կրման ռեժիմը, սակայն, ոչ ակնկալած ձևով: «Հիվանդացության, մահվան դեպքերից խուսափելը հնարավոր է միայն պատվաստումների շնորհիվ»,-ասաց Ավանեսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում