2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունից
Հայ սամբիստները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 64 կգ քաշային Մայիս Ներսիսյանը՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Մարտական սամբոյի տղամարդկանց 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը, 98 կգ քաշային Արման Ավանեսյանն ու մարզական սամբոյի կանանց +80 կգ քաշային Աննա Մկրտչյանը դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ ԱԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված, 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը, որը հանդես է եկել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Կարեն Սարգսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ): Տղամարդկանց մարտական սամբոյի թիմում հանդես են եկել նաև Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):
Կանանց թիմում ընդգրկված են եղել նաև Արփինե Ամիրյանը (50 կգ), Մելինե Մամիկոնյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (50 կգ) և Սրբուհի Հովակիմյանը (54 կգ):
Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես են եկել նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներ Արսեն Կարապետյանը (79 կգ) և Դավիթ Գրիգորյանը (98 կգ):
Հայ սամբիստներն աշխարհի առաջնությանը մասնակցել են Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Կարծիքներ