Այսուհետ գյուղապահովագրության ծրագիրը կգործի հանրապետության բոլոր մարզերում
Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը 2021 թվականից կգործի հանրապետության բոլոր մարզերում 11 մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, գարի, վարսակ, կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ 2020 թվականին մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը գործում էր ընդամենը 2 մարզում և երկու մշակաբույսի՝ խաղողի ու ծիրանի դեպքում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ նախորդ տարվա փորձը բավական հաջող է եղել, որոշվել է ընդլայնել այն։
«Սա նշանակում է, որ այս տարվանից մեր գյուղացիները հնարավորություն ունեն իրենց ապահովագրել կարկուտից, ցրտահարությունից, մի շարք ռիսկերից։ Ապահովագրական գումարի զգալի մասը՝ տարբեր դեպքերում տարբեր չափերով, վճարում է կառավարությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ