Քննչական կոմիտեի համար հոբելյանական տարին հագեցած է բազմաթիվ միջոցառումներով

Քննչական կոմիտեի համար հոբելյանական տարին հագեցած է բազմաթիվ միջոցառումներով

Քննչական կոմիտեի հիմնադրման 10-րդ տարեդարձի առթիվ հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսվում է հիմնել Կոմիտեի պատմության թանգարան, որտեղ ներկայացվելու են կառույցի հիմնադրման ակունքներին վերաբերող ցուցադրություններ, փաստաթղթեր, վավերագիր նյութեր, նույնիսկ կառույցի ձևավորմանը նախորդած շատ ավելի վաղ ժամանակներում քննչական գործողություններում կիրառված ու պատմական որոշակի արժեք ունեցող տարբեր իրեր և այլն: 

Քննչական կոմիտեի հիմնադրման 10-րդ տարեդարձի առթիվ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը։ 

-Պարոն Մարգարյան, Քննչական կոմիտեն այս տարի նշում է իր հիմնադրման    10-ամյա հոբելյանը, հիմնականում ի՞նչ միջոցառումներ են իրականացվել մինչ այս պահը:

-Նախ ցանկանում եմ այս ձևաչափով ևս ջերմորեն շնորհավորել Քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյա հոբելյանի առիթով և ցանկանալ, որ կառույցի գործունեությունն ընթանա բացառապես դրական զարգացումներով, իսկ Ձեր լրատվամիջոցին շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար:

Նշեմ, որ դեռևս 2024 թվականի տարեսկզբից, Կոմիտեի ձևավորման տասնամյակի առիթով միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ ձևավորվել է համապատասխան հանձնաժողով: Հանձնաժողովի կողմից մշակվել է հոբելյանական միջոցառումների ծրագիր, և արդեն իսկ ամիսներ շարունակ մեր հանրությունն ականատես է լինում դրանից բխող տարաբնույթ միջոցառումների: 

Տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Սյունիքի մարզում, որտեղ կազմակերպվեց Քննչական կոմիտեի նախագահի հանդիպումը զինվորական քննչական գլխավոր վարչության անձնակազմի հետ, քննարկվեցին կառույցի հիմնադրման ակունքներում գտնվող այդ ստորաբաժանման անցած տասնամյա ուղուն, պատմական նշանակալի դրվագներին վերաբերող հարցեր, ինչպես նաև այդ ամենը համադրվեց      ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում և մարզի ղեկավարության հետ հանդիպումներով, հոգևոր-մշակութային բաղադրիչներով, պարգևատրումների արարողակարգերով և այլն:

Հաջորդ կարևոր միջոցառումը` Կոմիտեի կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և մարզային քննչական ստորաբաժանումների ծառայողների հետ ունեցած հանդիպումն էր, որը համադրվեց տարվա կիսամյակային արդյունքներն ամփոփելու նպատակով ավանդաբար կազմակերպվող  կոլեգիայի` ընդլայնված արտագնա նիստի հետ և տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Այս նախաձեռնության հիմնական շեշտադրումը Կոմիտեի տասնամյա պատմությունն էր, այդ տարիների ընթացքում կառույցի ունեցած ձեռքբերումներին և հաջորդող տարիների հիմնական գերակայություններին անդրադառնալը: Այս ձեռնարկը ևս հագեցած էր տարբեր նշանակալի դետալներով. հանդիպում մարզի ղեկավարության հետ, Կոմիտեի ծառայողների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես, կոլեգիայի ընդլայնված նիստի մասնակիցները հաղորդակցվեցին Գավառի պատմությանը, մշակութային ու հոգևոր արժեքներին: Գեղարքունիքում տեղի ունեցավ մի կարևոր նախաձեռնություն ևս, հանդիսավոր կերպով սկիզբ դրվեց Կոմիտեի համար մի կարևոր ծրագրի` Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներին տրամադրվեցին ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված և հատուկ տարբերանշաններով ու կահավորանքով հագեցած էլեկտրոմոբիլներ, որոնց կիրառումը նպատակ ունի նպաստել քննչական գործողությունների առավել արդյունավետ կազմակերպմանը, քննիչներին դեպքի վայր առավել հրատապորեն տեղափոխելուն և մայրաքաղաքում համապատասխան գործառույթների առավել կատարելագործմանը: Հավելեմ, որ մինչ այս պահն իրականացված տոնական միջոցառումների շարքին մաս է կազմել նաև Քննչական կոմիտեի ստորաբաժանումների 10-ամյա գործունեության պատմության համառոտ ամփոփագրերի` հատուկ ձևավորմամբ տպագրման ու վարչական շենքերի տեսանելի վայրերում տեղադրման նախաձեռնությունը և ներկա պահին հետևողական քայլեր են ձեռնարկվում մինչև տարեվերջ  նախատեսված մնացյալ միջոցառումները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

-Հոբելյանի շրջանակներում ինչպիսի՞ ծրագրեր ունեք` նախատեսված առաջիկայի համար:

-Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հանդիպում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ, որի շրջանակներում, հանդիսավոր պայմաններում, ազդարարվելու է Կոմիտեի պատմության թանգարանի հիմնադրման մասին: Նախատեսվում է կազմակերպել նաև ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ խորագրով գիտաժողով, ինչպես նաև հրատարակման է նախապատրաստվում ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն հուշագիրքը: Ավելին, մեր հանրությանն արդեն իսկ հայտնի և Կոմիտեի կողմից տևական ժամանակ իրականացվող Դասը վարում է քննիչը ծրագրի շրջանակներում սեպտեմբեր ամսից կազմակերպվելիք բոլոր դասընթացները, մինչև ընթացիկ տարեվերջ, հիմնականում նվիրվելու են նախաքննական մարմնի 10-ամյակին` այդ տրամաբանության մեջ կառուցելով բոլոր դասախոսությունները և գիտա-ուսումնական պարապմունքները: Հավելեմ,  որ Քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի գլխավոր հանդիսությունը տեղի է ունենալու հոկտեմբեր ամսին` Կոմիտեի ծառայողի օրվա շրջանակներում:

Հարկ եմ համարում ընդգծել, որ հոբելյանական միջոցառումների ծրագրում իրենց առանցքային և ընդգծված կարևորությունն ունեն լրատվական և հանրային իրազեկման հատվածին վերաբերող աշխատանքները. 10-ամյա հոբելյանի շրջանակներում, Կոմիտեի պաշտոնատար անձանց ներգրավմամբ, տարբեր լրատվամիջոցներում արդեն իսկ կազմակերպվել և առաջիկայում ևս կազմակերպվելու են տարաբնույթ հարցազրույցներ, նախատեսվում է պատրաստել ու հեռարձակել հոբելյանական հեռուստաթողարկում, ինչպես նաև ունենալ Քննչական կոմիտեի և քննիչի գործառույթների մասին հանրամատչելի սոցիալական տեսահոլովակ:

Օգտվելով առիթից` անհրաժեշտ եմ համարում շնորհակալություն հայտնել մեր լրատվամիջոցներին, քանի որ հոբելյանական միջոցառումների գլխավոր բաղկացուցիչը համարել և համարում եմ այդ ամենի պատշաճ լուսաբանումը և ուրախությամբ արձանագրում, որ Կոմիտեի մամուլի ծառայության և տարբեր լրատվամիջոցների արդյունավետ համագործակցությունը մեծապես նպաստում է մեր տոնական միջոցառումների որակին ու ներկայանալիությանը:

-Ձեր պատասխանում նշեցիք, որ Կոմիտեի 10–ամյա հոբելյանի շրջանակներում հիմնելու եք Քննչական կոմիտեի պատմության թանգարան, կմանրամասնե՞ք։

-Հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսվում է հիմնել Կոմիտեի պատմության թանգարան, որտեղ ներկայացվելու են կառույցի հիմնադրման ակունքներին վերաբերող ցուցադրություններ, փաստաթղթեր, վավերագիր նյութեր, նույնիսկ կառույցի ձևավորմանը նախորդած շատ ավելի վաղ ժամանակներում քննչական գործողություններում կիրառված ու պատմական որոշակի արժեք ունեցող տարբեր իրեր և այլն: Թանգարանի ձևավորումն իրականացնող նախաձեռնող խումբը պաշտոնապես դիմել է Կոմիտեի ծառայողներին և առաջարկել առկայության դեպքում տրամադրել իրենց տնօրինման տակ գտնվող համապատասխան բնույթի թանգարանային ցուցանմուշներ. օգտվելով առիթից` ցանկանում եմ այդ խնդրանքն ուղղել նաև Կոմիտեի նախկին ծառայողներին և ակնկալել համագործակցություն ՀՀ քննչական կոմիտեի պատմության թանգարանի հիմնադիր-նախաձեռնող խմբի հետ, որի համակարգումը վստահված է կառույցի արխիվի ստորաբաժանմանը: Հավելեմ, որ առաջիկայում կդրվեն թանգարանը ձևավորելու նախնական հիմքերը, իսկ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական 2-րդ մասնաշենքի ամբողջական հիմնանորոգումից հետո  նախատեսվում է ունենալ բարձրակարգ և ժամանակակից կահավորմամբ թանգարան ու կազմակերպել Կոմիտեի համար առանցքային կարևորություն ունեցող այդ միավորի բացման պաշտոնական արարողությունը:

- Դուք ղեկավարում եք Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը. Ձեր կարծիքով աջակցող հատվածն ինչպիսի՞ հաջողությունների է հասել տասը տարիների ընթացքում:

-Քննչական կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքն ուղիղ համեմատական է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի հետ և վերջիններիս գործունեությունը խիստ փոխկապակցված է։ Ուստի աջակցող հատվածի հաջողությունները պետք է դիտարկել կառույցի ընդհանուր հաջողությունների համատեքստում և փաստել, որ աջակցող ստորաբաժանումները Կոմիտեում կատարում են գերծավալուն, գերընդգրկուն աշխատանք և անում են առավելագույն հնարավորն իրենց աջակցման գործառույթները պատշաճ իրականացնելու հարցում: Ինչպես ողջ կառույցը, այնպես էլ բնականաբար աջակցող ստորաբաժանումներն այս տասը տարիների ընթացքում անցել են ձևավորման, կայացման ու կատարելագործման նկատելի ճանապարհով և կարելի է ասել, որ այսօր արդեն մենք ունենք քաղաքացիական ծառայության համակարգում իրենց հաստատուն և կանոնակարգված տեղն ունեցող, Քննչական կոմիտեի գործունեության ասպարեզում իրենց ծանրակշիռ դերն ամրագրած աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնց ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելությունն ու կարևորությունը և առավելագույն ջանքեր են գործադրում ավելի լավն ու որակյալը դառնալու ուղղությամբ:

-Պարոն Մարգարյան, ցանկալի կլիներ փոքր-ինչ ներկայացնել կառույցի աջակցող ստորաբաժանումներն ու նրանց գործառույթները:

-Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հարցազրույցը կազմակերպված է մեր կառույցի տասնամյա գործունեության ամփոփման և վերլուծության տիրույթում` Ձեր թույլտվությամբ ես պետք է փոքր-ինչ ընդգրկուն անդրադարձ կատարեմ այս հարցին` նպատակ ունենալով   առավել հանգամանորեն ներկայացնել հոբելյանական տարվա` 2024 թվականի դրությամբ Քննչական կոմիտեի աջակցող հատվածի հիմնական նկարագիրը: Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող ստորաբաժանումներ են` անձնակազմի կառավարման, արտաքին կապերի, արարողակարգի և կազմակերպչական հարցերի, ֆինանսական (գնումների և հաշվապահական հաշվառման բաժինների ներառմամբ) վարչությունները, առաջին, արխիվի, թարգմանությունների կազմակերպման, համակարգչային և տեխնիկական ապահովման, նյութատեխնիկական ապահովման, փաստաթղթաշրջանառության ապահովման, քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժինները, ինչպես նաև հատկապես կարևոր գործերի քննության, պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունների աջակցող բաժինները: Կոմիտեի աջակցող հատվածին մաս են կազմում նաև զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային  քննչական ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների, ինչպես նաև Երևանի քաղաքի վարչական շրջանների քննչական ստորաբաժանումների աջակցող բաժինները:

Քննչական կոմիտեի աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների առանցքային գործառույթը Կոմիտեի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների գործունեությանն աջակցելն ու վերջիններիս բնականոն գործունեության ապահովմանն ուղղված գործընթացների կազմակերպումն է։ Այս հատվածում սկիզբ առած ու ընթացող բարեփոխումների արդյունքում աջակցող ստորաբաժանումներին հաջողվում է ապահովել նոր որակի ու արդիական պահանջներին համապատասխանող աշխատանք:

-Ո՞րն եք համարում Ձեր հիմնական սկզբունքը Քննչական կոմիտեի աջակցող հատվածի ղեկավարման ասպարեզում, ինչպիսի՞ նորարարություններ եք ներդրել, որոնք նպաստում են  Կոմիտեի` բավականին ընդգրկուն համակարգում ձևավորված ծավալուն տնտեսության բնականոն գործունեությանը:

-Կերտել Կոմիտեի աջակցող հատվածի ճկուն, արագ արձագանքող մոդել և աջակցող բոլոր ստորաբաժանումներում ունենալ կառույցի գործունեության արդի տրամաբանությունը գիտակցող ու աշխատանքի նկատմամբ հոգատար վերաբերմունք ունեցող ծառայողներ: Վերջին տարիներին մեզ հաջողվել է Քննչական կոմիտեի` հատկապես կենտրոնական մարմնի աջակցող ստորաբաժանումներում ներդնել որոշակի նորարարություններ, որոնք հնարավորություն են ընձեռում առավել ճկուն կերպով աջակցել բավականին ընդգրկուն աշխարհագրություն և գործառույթների մեծ ծավալ ունեցող մեր կառույցի բնականոն աշխատանքին. հատկապես մենք փորձել ենք ներդնել  էլեկտրոնային բոլորովին նոր գործիքակազմեր անձնակազմի կառավարման, ֆինանսական, արխիվային, նյութատեխնիկական ու անցագրային ռեժիմի ապահովման ասպարեզներում, որոնք թույլ են տալիս Կոմիտեի բազմաշերտ համակարգում ապահովել առավել արդյունավետ կառավարում և հասնել իմ կողմից նշված սկզբունքային մոտեցումների ապահովմանը:

-Պարոն Մարգարյան, ինչպիսի՞ հեռանկարային ծրագրեր ունեք, որոնք նախատեսում եք ներդնել Քննչական կոմիտեի աջակցող ստորաբաժանումների աշխատանքն առավել որակյալ դարձնելու առումով:

-Նախ պետք է նշեմ, որ աջակցող հատվածն ամբողջությամբ գտնվում է Քննչական կոմիտեի նախագահի անմիջական հոգածության ներքո և կառույցի ղեկավարն անձամբ վերլուծելով այս հատվածի գործունեության տրամաբանությունը` դեռևս 2021 թվականից նախաձեռնել է կառուցվածքային ու գործառութային բարեփոխումների մի ողջ շրջափուլ և այդ ամենի արդյունքում ակնկալվել է լիակատար բարձրորակ աշխատանք, աշխատակիցների մասնագիտական որակների բարելավում, նոր ու բարձրակարգ մասնագետների համար աշխատանքային հեռանկարների ապահովում: Բարեփոխումների այդ շրջափուլի մեկնարկի պահին մենք կազմակերպեցինք Կոմիտեի աջակցող ստորաբաժանումների գործունեությունը քաղաքացիական ծառայության համակարգում լիարժեքորեն ներգրավելու, գործառույթների հստակեցման  աշխատանքներ, իսկ ներկա հատվածում ընթանում ենք ստորաբաժանումների աշխատանքային որակը բարելավելու ճանապարհով. իրականացվում են անձնային կարծրատիպերի վերափոխմանը, ինչպես նաև ստորաբաժանումների արդյունավետության բարձրացման տեսանկյունից հնարավոր թվային գործիքակազմերի ներդրմանը միտված բազմազան ծրագրեր։ Սակայն այդ ամենի հիմքում մեծապես կարևորում ենք աշխատակիցների կողմից իրենց աշխատանքի հանդեպ ունեցած մոտեցումների արմատական վերանայումը և այդ հատվածում բոլորովին  նոր ու դրական որակներ ներդնելուն ուղղված նախաձեռնությունները:

-Քննչական կոմիտեի աջակցող հատվածում ի՞նչ ուշագրավ ծրագրեր են մեկնարկ ստանալու հոբելյանական 10-ամյակի խորհրդանշական տարում:

-Հոբելյանական 10-ամյակի խորհրդանշական տարում ամբողջովին արդիականացվեց Կոմիտեի կապի համակարգը և տարիներ շարունակ կապի տարբեր օպերատորների կողմից իրականացվող բազմաճյուղ սպասարկմանը եկավ փոխարինելու միասնական, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած և հնարավորին անվտանգ` կապի նոր համակարգը, որն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող բոլոր ստորաբաժանումները: Կոմիտեի համակարգում ներքին կարգապահության նկատմամբ կիրառվող մոտեցումներն առավել կատարելագործելու նկատառումներով բոլոր ստորաբաժանումներում ապահովվեց ծառայողների հաշվառման ու հսկողական նոր էլեկտրոնային մեխանիզմների ներդրումը: Հոբելյանական տարվա շրջանակներում վերանորոգվեց ու տեխնիկապես վերազինվեց Կոմիտեի գրադարանը և մինչև տարեվերջ ունենալու ենք լիովին հագեցած ու հարմարավետ էլեկտրոնային գրադարան: Այս տարի Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային ստորաբաժանումներում իրականացվում են ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև զինվորական ուղղվածություն ունեցող քննիչների աշխատանքային  առանձնահատկություններով պայմանավորված` գույքային համալրումներին ուղղված  նշանակալի և աննախադեպ ծրագրեր:

Եվ վերջում ամենակարևորի մասին. վստահ եմ` շատերն են տեղյակ, որ դեռևս նախորդ տարեվերջին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Քննչական կոմիտեն ձեռք բերեց  իր կենտրոնական վարչական շենքի հարևանությամբ գտնվող և նույն շենքի ճիշտ նմանությունն ունեցող շինությունը և դեպի հոբելյանական տասնամյակն ազդարարող 2024 թվական մուտք գործեց վարչական երկու մեծ մասնաշենքերով։ Ընթացիկ տարվա կարևորագույն ձեռքբերումներից կարող ենք համարել նաև այն, որ արդեն իսկ գրեթե պատրաստ է վարչական երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման նախագիծը, որի իրագործման պարագայում` մեր երկրում իր առանցքային դերակատարումն ունեցող Քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, բոլոր ստորաբաժանումներով հանդերձ, կգործի մեկ միասնական բակում տեղակայված երկու միանման վարչական մասնաշենքերում` նախաքննական մարմնի արդյունավետ գործունեության համար պահանջվող բոլոր հարմարություններով ու աշխատանքային պայմաններով:

-Պարոն Մարգարյան, երկար տարիներ լինելով պետական համակարգում` ինչպիսի՞ համոզմունք ունեք, արդի ժամանակաշրջանում ի՞նչ որակներ պետք է ունենա պետական ծառայողը և Դուք ի՞նչ պահանջներ եք դնում  Ձեր ենթակաների առաջ` նրանց գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նկատառումներով:

-Պետական ծառայողը նախ պետք է ունենա պետական մտածողություն և կարողանա իր մեջ կրել այդ մտածողության որոշակի սկզբունքներ, որոնց լիարժեք կիրառման պարագայում ինքը կդրսևորի իր պետության նվիրյալի, իր պետության հանդեպ հոգատար քաղաքացու որակներ։ Ընդ որում՝ դրանք պետք է չլինեն արհեստական: Երկար տարիներ լինելով պետական համակարգում` ձեռք եմ բերել այդ արհեստականությունն արագորեն նկատելու որակներ, իսկ նկատելու պարագայում` ոչ միայն չեմ հանդուրժում, այլև անմիջապես արտահայտում եմ այդ զգացողությունը: 

Ենթականերից նախ պահանջում եմ համակարգված և բովանդակային աշխատանք, այդ աշխատանքի նկատմամբ փորձում եմ ապահովել արդյունքահեն գնահատում։ Ենթակա գործընկերներիս մշտապես հորդորում եմ դուրս գալ աշխատանքային ստանդարտ մոտեցումներից ու անընդհատ զբաղվել ինքնազարգացմամբ, որ լինեն արդյունավետ ու ամենակարևորը` մրցունակ, որպեսզի արագ վերափոխվող աշխարհում կարողանան դիմանալ մրցակցությանն ու համապատասխանել աշխատողի հանդեպ շարունակ վերափոխվող պատկերացումներին ու պահանջներին:

-Ձեր մաղթանքը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:

-Թո՛ղ որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն տոնի բազմաթիվ տասնամյակներ և իր առանցքային ներկայությամբ նպաստի իրավակարգի, քրեական արդարադատության ամրապնդմանն ու այդ ամենով հանդերձ` մեր պետության առավել հզորացմանը:

Կարեն Խաչատրյան 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում