ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը մասնակցել է ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին
Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել է ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:
Համաժողովի բացման նիստում հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:
Համաժողովին ելույթով հանդես է եկել նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:
Հիշելով Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 45-րդ տարելիցը` նա նշել է, որ 1975թ. ի վեր ԵԱՀԿ ընտանիքի էական ընդլայնումը տեղի է ունեցել դրա սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման շնորհիվ:
Ապիտոնյանն ընդգծել է, որ Հայաստանը և Արցախը շարունակում են հավատարիմ մնալ 1994թ. հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի տառին և ոգուն: ԱԳ նախարարի տեղակալը հիշատակել է լրագրողների փոխանակումը հակամարտության բոլոր երեք կողմերի միջև, որպես վստահության ձևավորման լավ օրինակ, ինչը կարող է նպաստել լարվածության նվազեցմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։
Ապիտոնյանը մտահոգություն է հայտնել, որ, այդուհանդերձ, հարևան երկրում պետական մակարդակով հնչող շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը, տարածքային պահանջների առաջ քաշումը, պատմությունը վերաշարադրելու փորձերը խոչընդոտում են խաղաղ գործընթացին:
ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն առաջիններից էր, ով իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադար հաստատելու կոչին:
Հայաստանը ողջունել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու և հակամարտության գոտում իրավիճակը վտանգող ցանկացած գործողությունից հրաժարվելու կոչը՝ նկատի ունենալով ներկայումս դիտարկումների անցկացման սահմանափակումները:
Նա նշել է, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ավելին, անցկացվել են լայնածավալ զորավարժություններ՝ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտումներով՝ սրելով առանց այն էլ փխրուն անվտանգային իրավիճակը: Իր խոսքում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ ճգնաժամերի դեպքում, ինչպիսին է Covid-19 համաճարակը, առավել կարևորվում է ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում:
Կարծիքներ