«Մենք խորապես հիասթափված ենք»․ ԱՄՆ-ի արձագանքը Թուրքիային՝ Օսման Քավալայի դատավճռի թեմայով
Միացյալ Նահանգների պետքարտոիղարության խոսնակ Նեդ Փրայսը, արձագանքելով 2013 թվականին Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի մեղադրանքով դատապարտվածների դատավճռին, հանդես է եկել գրավոր հայտարարությամբ` նշելով, որ իրենց «խորապես անհանգստացրել և հիասթափեցրել է» այն փաստը, որ հայտնի հասարակական գործիչ, թուրք գործարար Օսման Քավալային դատապարտել են ցմահ ազատազրկման, իսկ մյուս 7 մեղադրյալներին՝ 18 տարվա ազատազրկման վերջինիս աջակցելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։
«Քավալայի անօրինական դատավճիռը հակասում է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ապահովմանը: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Թուրքիային ազատ արձակել Օսման Քավալային և մյուս 7 բանտարկյալներին՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների:
Թուրքիայի ժողովուրդն արժանի է օգտվելու իր մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ առանց պատժվելու վախի։ Խոսքի ազատության, խաղաղ հավաքների իրականացման իրավունքն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ, միջազգային իրավական և ԵԱՀԿ պարտավորություններով։ Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները և հարգել Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները», – ասված է Փրայսի հայտարարության մեջ:
Հավելենք, որ Քավալան տարիներ շարունակ աջակցել է հայերին ու Հայաստանին, պայքարել հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։
Նա բազմիցս եղել է Հայաստանում, իսկ ամեն անգամ Երևան այցելելիս հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։
Կարծիքներ