Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս ապրիլի 23-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որոշվել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Երեւանի մշակույթի պետական քոլեջ» եւ «Երեւանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլվելու են՝ ստեղծելով ԿԳՄՍՆ «Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ որոշումից հետո, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է սկսվել, քանի որ նախարարությունը պետք է որոշում կայացներ, թե ով է ղեկավարելու այդ կառույցը: Ըստ մեր տեղեկությունների՝ «Երեւանի մշակույթի պետական քոլեջ»-ի ղեկավար Վրեժ Կիրակոսյանը վստահ լինելով, որ ինքն է ղեկավարելու կառույցը, հանկարծակի տեղեկացել է, որ նախարար Արայիկ Հարությունյանը երրորդ մարդ ունի այդ կառույցի ղեկավարի պաշտոնի համար:
Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարի օգնական Արման Անդրիկյանը միջնորդել է, որպեսզի իր հոր ընկերը ղեկավարի կառույցը, որին էլ իր «դաբրոն» է տվել նաեւ նախարար Հարությունյանը: Մեր տեղեկություններով՝ այդ առումով քոլեջի տնօրինությունը շատ վրդովված է, ու վերջիններս պատրաստվում են առաջիկայում ասուլիսի միջոցով իրենց դժգոհությունը հայտնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Վրեժ Կիրակոսյանից, սակայն վերջինս հայտարարեց որ վատառողջ է եւ ասաց. «Ես քոլեջի հետ կապված առայժմ որեւիցե հայտարարություն անելու ցանկություն չունեմ»»:
Կարծիքներ