Խնդրում եմ՝ աղջկան կոտրելու ու ծաղրելու փոխարեն, եկեք շնորհակալություն հայտնենք և թիկունք լինենք, որովհետև 18 տարեկանում աշխարհի լավագույն 50-ի կազմում լինելը մեծագույն նվաճում է. Վահագն Ալեքսանյան

«18 ամյա Վարսենիկը 32-րդ ամառային օլիմպիական խաղերում լողի 100 մետր ազատ ոճի մրցումներում զբաղեցրել է 45-րդ տեղը, ինչը, ցավոք, սոցիալական ցանցերում ծաղրի ու պարսավանքի առիթ է դարձել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Սիրելի ընկերներ, սիրելի մարդիկ, չեմ պատկերացնում, թե ի՞նչը կարող է ստիպել այդպես չարախնդալ, այդպես կոտրել ցանկանալ մի աղջկա, ով ընդամենը 18 տարեկանում փաստացի 45-րդն է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ իր մարզաձևում, այսինքն՝ ամբողջ աշխարհում նրանից արագ ընդամենը 44 հոգի են լողում։
Իհարկե, պետք է ցանկանալ եռագույնը ամենուր ամենաբարձրը տեսնել, բայց 1-ին հորիզոնական տանող ճանապարհը սկսում է 45-րդից, 57-րդից ու կամ նույնիսկ 100-րդից։
Խնդրում եմ՝ աղջկան կոտրելու ու ծաղրելու փոխարեն, եկեք շնորհակալություն հայտնենք և թիկունք լինենք, որովհետև 18 տարեկանում աշխարհի լավագույն 50-ի կազմում լինելը մեծագույն նվաճում է և ընտիր հեռանկար ապագայի համար։
Շնորհակալ եմ Հայաստանը ներկայացնելու համար, Վարսենիկ ջան»։
Կարծիքներ