Արարատի մարզում պատվաստումային գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն է կայացել
Արարատի մարզում կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությունը COVID_19-ի դեմ պատվաստումային գործընթացի վերաբերյալ:
Խորհրդակցությանը ներկա է եղել Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արտաշատի քաղաքապետի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերով վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, համայնքների և մարզի բուժհաստատությունների ղեկավարներ, աշխատակիցներ:
Արմեն Նազարյանը շեշտել է՝ համավարակը հաղթահարելու և այս մահաբեր հիվանդության ընթացքը կանգնեցնելու միակ միջոցը պատվաստումն է։ Փոխնախարարի խոսքով՝ համայնքներում քաղաքացիների շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկման գործընթացը պետք է ավելի ակտիվացնել:
«Պատասխանատու վարք դրսևորելով՝ կկարողանանք երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից: Այսօր, ցավոք, կան արատավոր երևույթներ, օրինակ, երբ բուժաշխատողները հիվանդանոցներում փորձում են քարոզել, որ պատվաստվելը սխալ է, կամ գումարի դիմաց պատվաստման կեղծ թղթեր են վաճառում: Իրավապահ համակարգն ամեն բան անում է այսպիսի երևույթներն արմատախիլ անելու համար»,- ասել է նախարարի տեղակալը:
Քննարկվել են օրակարգային մի շարք այլ հարցեր, ևս մեկ անգամ ներկայացվել են պատվաստումների շուրջ ստեղծված միֆերը, բարձրացված հարցերին տրվել են պատասխաններ:
Արարատի մարզում պատվաստումային գործընթացն ակտիվ փուլում է: Վերջին տվյալներով՝ մարզում համավարակի դեմ կատարվել է 56.818 պատվաստում:
Կարծիքներ