Երևանի 2021 թ-ի բյուջեի ծախսերը կավելացվեն. ավելի քան 11 մլրդ կտրամադրվի տրանսպորտային համակարգին

Երևանի 2021 թ-ի բյուջեի ծախսերը կավելացվեն. ավելի քան 11 մլրդ կտրամադրվի տրանսպորտային համակարգին

 Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստում որոշվեց մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեի ծախսերը ավելացնել շուրջ 16 մլրդ դրամով:

Փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը նշեց, որ 2021 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը պետք է կատարել որոշակի խմբավորմամբ:

«Նախատեսվում է 2021 թվականի բյուջեի ծախսերը ավելացնել 15 մլրդ 693 մլն 410 հազար դրամով: Ավտոբուսներ ձեռք բերելու մասով առաջարկվում է ավելացնել 6 մլրդ 421 մլն-ով, «Վերելակների հիմնանորոգում» ծրագրով 2 մլրդ 155 մլն հատկացնել 2020 թվականին կնքված վերելակների ձեռք բերման պայմանագրային պարտավորությունների անցմանը: Նախագծով նախատեսվում է 11 մլրդ 988 մլն 460 հազար դրամ ավելացնել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին, որից 1 մլրդ-ը՝ 2021 թվականի նշված ծրագրի մասով ձեռք բերվող ավտոբուսների մաքսազերծման նպատակով, իսկ 1 մլրդ 350 մլն՝ 2020-ի բյուջեով նույն ծրագրի շրջանակում պայմանարային պարտավորությունների անցումն ապահովելու նպատակով: Ավելի քան 11 մլրդ դրամից 3 մլրդ 2 մլն-ն նախատեսվում է սույն տարում թվով 161 միավոր 8.5 մետրանոց ավտոբուս ձեռք բերելու՝ 7 մլրդ 2 մլն դրամի ֆինանսական միջոցների առկայության ապահովման նպատակով: Շինարարական բնույթի ծրագրերի համար նախատեսվում է 450 մլն դրամ, իսկ «Ակտիվ քաղաքացի» հարթակի մասով նախատեսվում է 107 մլն դրամ»,- նշեց Ներսիսյանը:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի հարցին, թե ո՞ր երկրից են ձեռք բերվելու ավտոբուսները, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ մասնակիցները կարող են տարբեր լինել, տենդերը դրված է չափորոշիչների հիման վրա:

«7.5-8.5-մետրանոց ավտոբուսներ 90 տոկոս դեպքերում արտադրվում են Չինաստանում: Հաշվի առնելով չափորոշիչները, քանի որ դրանք են ավելի կարևոր, կարող եմ ասել, որ այսօր գերմանական, հոլանդական, շվեդական շատ քաղաքներում տենդերները շահում են հենց չինական ավտոբուսները»,- նշեց Մարությանը:

Որոշումն ընդունվեց 32 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում