Միջազգային ակտիվությունը մեծացնում է գերիների վերադարձի լավատեսությունը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ միջազգային հանրության ակտիվությունը գնահատում է լավատեսորեն: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված անձանց վերադարձնելու, չի կատարում:
«Կարող ենք արձանագրել, որ այս փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց, ու ուզում եմ ընդգծել, որ երեկ Եվրամիությունը շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում շատ կոնկրետ ու հասցեական արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքից», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ այս հայտարարության մեջ հղում է արվում ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է իրավական կոմպոնենտ, որը չափազանց կարևոր է:
«Ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է ու մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար ու հետևողական, այս հարցը միանշանակ դրական լուծում պիտի ստանա», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Եվրամիությունն ապրիլի 28-ին տարածված հայտարարությամբ կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը: Նշվել է, որ պետք է հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը: Գերիների վերադարձը 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետն է. հայտարարությունը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները:
Կարծիքներ