Այս պահին բոլոր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն. նախարարը՝ Աբու Դաբիի ցուցահանդեսի մասին
Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին 14 հայկական ընկերություն է մասնակցում միասնական տաղավարով եւ թվով 45 մասնակից: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Այս պահին բոլոր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն, եւ մեր տաղավարը, կարող եմ ասել, որ լավագույններից է, եւ դա ոչ միայն մեր գնահատականն է»,- նշեց նա:
Անդրադառնալով Աբու Դաբիում տեղի ունեցող IDEX-2021 Expo ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական տաղավարներում ցուցանմուշների բացակայությանը Հակոբ Արշակյանն ասաց. «Այո՛, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել, եւ որոշ փորձանմուշներ այլ ճանապահով տեղում են, որոշ ցուցանմուշների մեծ մասի մասով խնդիրներ ենք ունեցել, եւ, ըստ էության, տարբեր պատճառներ են եղել, եւ ծառայողական քննության ընթացքում նաեւ կհայտնաբերվի՝ դիտավորություն եղե՞լ է, թե՞ ոչ»:
Նախարարն ասաց, որ միջգերատեսչական հարց կա ընդհանուր լոգիստիկ խնդիրների մեջ, այդ իսկ պատճառով կառավարության աշխատակազմը դրանով զբաղվում է:
Կարծիքներ