Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է Լուցկում պատանդներ վերցրած տղամարդու իրական անունը
Ուկրաինայի ՆԳՆ-ում անվանել են Մաքսիմ Պլոխայի իրական անունը, ով 10 ուղեւորով ավտոբուս էր պատանդ վերցրել Լուցկում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է «112 Ուկրաինա»-ն։
«Կասկածյալը Մակսիմ Ստեփանովիչ Կրիվոշն է, ով ծնվել է 1975 թվականին Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Գայ գյուղում»,- գրել է Գերաշչենկոն: Ըստ նրա՝ ավելի վաղ Կրիվոշը դատապարտվել էր երկու անգամ եւ շուրջ 10 տարի ընդհանուր ժամկետով պատիժ էր կրել ուղղիչ հիմնարկներում մի շարք ծանր հանցագործություններ կատարելու համար:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 21-ին, Լուցկի կենտրոնում պայթուցիկներով զինված տղամարդն ավտոբուս էր պատանդառել: Հենց իր՝ Մաքսիմ Պլոխոյի խոսքով՝ սրահում կան հղի կանայք եւ երեխաներ: Տղամարդն ինքն է զանգահարում պատանդների հարազատներին, որպեսզի նրանք կապվեն լրագրողների հետ եւ փոխանցեն նրա պահանջները։
Այժմ Լուցկում երկու հատուկ օպերացիա է հայտարարվել՝ «Պատանդ» եւ «Բումերանգ» անվանումներով: Քաղաքի անվտանգությունն ապահովելու նպատակով քաղաքի կենտրոնի տարածքն արգելափակվել է: Տեղում աշխատում են ոստիկանական բոլոր ծառայությունները։
Կարծիքներ