Գուտերեշը հորդորել է չքաղաքականացնել Բելառուսի և Լեհաստանի սահմանին ստեղծված իրավիճակը
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Բելառուսի և Լեհաստանի սահմանին փախստականների պատճառով ստեղծված իրադրության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Գուտերեշի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ իրավիճակը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով ու մեծացնի լարվածությունը երկրների միջև: Գուտերեշը հորդորել է խնդիրները կարգավորել միջազգային իրավունքի հիման վրա:
Բելառուսական կողմի տվյալներով՝ Լեհաստանի հետ սահմանին կա Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից շուրջ երկու հազար փախստական, այդ թվում և զգալի թվով կանայք ու երեխաներ: Փախստականներից ոմանք փորձեր են արել ապօրինի հատել սահմանն ու մտնել Լեհաստան:
Կարծիքներ