Սուդանը եւ Եգիպտոսը համատեղ օդային վարժանքներ են անցկացնում
Սուդանը եւ Եգիպտոսը համատեղ օդային վարժանքներ են անցկացնում Սուդանի հյուսիսում գտնվող Մերովե ավիաբազայում, դրանք ստացել են The Nile Eagles 1 անվանումը: Համատեղ զորավարժությունները կտեւեն մինչ նոյեմբերի 26-ը, հաղորդում է BBC-ն:
Սա հյուսիսաֆրիկյան երկու հարեւանների միջեւ իր տեսակի մեջ առաջին զորավարժությունն է 1970-ականներին Սուդանի նախկին նախագահ Ջաֆար ալ-Նիմերիի ժամանակներից ի վեր:
«Համատեղ օդային զորավարժությունները ներառում են բազմաթիվ գործողություններ, այդ թվում` համատեղ օդային մարտերի պլանավորում եւ կառավարում, երկու երկրների բազմաֆունկցիոնալ մարտական ավիացիայի օդային հարձակողական եւ պաշտպանական գործողություններ: Բացի այդ, օդային ուժերը մարտական որոնողափրկարարական վարժանքներ կանցկացնեն», - ասված է Եգիպտոսի բանակի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 31-ին Սուդանի մայրաքաղաք Խարտումում հանդիպել են Սուդանի եւ Եգիպտոսի բանակի հրամանատարները, նրանք պայմանավորվել են ամրապնդել համատեղ ռազմական համագործակցությունը:
Զորավարժությունները տեղի են ունենում Սուդանի, Եգիպտոսի եւ Եթովպիայի միջեւ Մեծ Վերածննդի ամբարտակի շուրջ բանակցությունների տապալումից մի քանի օր անց:
Դրանք տեղի են ունենում նաեւ այն ժամանակ, երբ Եթովպիան ներքաշված է ռազմական բախման մեջ՝ ընդդիմության գլխավորած Տիգրայի շրջանի հետ: Հոկտեմբեր ամսվա սկզբին Եթովպիան, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է թռիչքները իր օդային տարածքում Մեծ Եթովպական Վերածննդի ամբարտակի (GERD) վրայով:
Վիճահարույց ամբարտակը, որը, ամենայն հավանականությամբ, ամենամեծը կդառնա Աֆրիկայում, սրել է Եթովպիայի հարաբերությունները Եգիպտոսի եւ որոշ չափով նաեւ Սուդանի հետ:
Կարծիքներ