Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՌԴ նախագահի ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։
Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։
Ղազախստանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։
Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախա-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտան Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսությունը, ինտեգրացիոն միավորումներում սերտ համագործակցությունը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությունը։
Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։
Կարծիքներ