«Դուրս կսողան ինչպես առնետներ». Լուկաշենկոն մեկնաբանել է ընդդիմության գործողությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընդդիմությունը թույլ չի տա հանգիստ ապրել:
«Ես իրատես եմ: Լսեք ինձ, նրանք մեզ հանգիստ ապրել թույլ չեն տա: Եթե նույնիսկ հիմա հանդարտվեն, որոշ ժամանակ անց դուրս կսողան իրենց բներից ինչպես առնետներ: Նրանց արդեն օտար մարդիկ են ղեկավարում»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ իր աջակիցների հանրահավաքի ժամանակ ասել է Լուկաշենկոն:
Վերջինս հայտարարել է, որ ընդդիմությունը պետք է հաշվի նստի մեծամասնության կարծիքի հետ: Լուկաշենկոյի խոսքով՝ «դաժանությունը Բելառուսի փողոցներում ծնել են ոչ թե իշխանությունները, այլ նրանց հակառակորդները:
Բելառուս ղեկավարն իր հակառակորդներին զգուշացրել է, որ ձեռք չտան պետական ԶԼՄ-ների լրագրողներին և նրանց ընտանիքներին՝ հայտարարելով, որ «եթե ինչ-որ բան պատահի, օրինազանցները լիարժեք պատասխան կտան»: Բացի այդ, նա կոչ է արել ձեռք չտալ ուսուցիչներին, որոնք պետք է պատրաստվեն դպրոցին, ինչպես նաև բժիշկներին, որոնք զբաղված են կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Մինսկում ավարտվել է Լուկաշենկոյի աջակիցների հանրահավքաը, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև նախագահը՝ հայտարարելով, որ նախագահական կրկնակի ընտրություններ չեն լինելու:
Օգոստոսի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ իրենց բողոքը հայտնելով: ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեքնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսը:
Կարծիքներ