Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է. ՌԴ ԱԳՆ փոխխոսնակ
Ռուսաստանը Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու կողմնակից է և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Արևմուտքը ցանկանում է դուրս թողնել Ռուսաստանին Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ի պատասխան վերահաստատել է Մոսկվայի այն դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է ձեռնարկվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների համապատասխան:
«Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների՝ գործընթացին միանալուն, եթե նրանք գործում են հիշատակված պայմանավորվածությունների հունի մեջ և նպաստում են դրանց իրագործմանը: Գլխավորը՝ թույլ չտալ կրկնօրինակում և թաքուն խաղեր՝ ինչ-որ մեկին թուլացնելու, «անիվների մեջ փայտիկներ դնելու» նպատակով», - ասել է Իվան Նեչաևը:
Կարծիքներ