Լեհաստանի նախագահը մտադիր է համոզել ԵՄ որոշ երկրների Ուկրաինային անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստին կփորձի Ուկրաինայի՝ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուն դեմ ԵՄ երկրներին համոզել փոխել իրենց որոշումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 23-ին հայտարարել է Դուդայի գրասենյակի ներկայացուցիչ Յակուբ Կումոխը:
«Քննարկումների առաջնային թեմաներից կլինի Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալը»,-նշել է նա:
Կումոխի խոսքով՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները հույս ունեն կոտրել Արևմուտքի որոշ երկրների դիմադրությունը, որն անհիմն է:
Կումոխն ընդգծել է, որ խոսքն Ուկրաինայի՝ Եվրամիության անդամ դառնալու մասին չէ, այլ Ուկրաինայի՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին: «Եվրոպայի հարուստ երկրներն Ուկրաինայից վախենալու ոչ մի պատճառ չունեն»,-շեշտել է նա:
Կարծիքներ