Դատախազությունը ներկայացրել է եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված ոտնձգությունների վիճակագրությունը

Դատախազությունը ներկայացրել է եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված ոտնձգությունների վիճակագրությունը

Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր կատարվել է 56 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 43 քրեական գործ:

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը դադարեցրեց ակտիվ ռազմական ագրեսիան` հետագա գործողություններով անցնելով արցախահայությանն ահաբեկելու և Արցախը հայաթափելու ծրագրի իրագործմանը:

Ընդհանուր առմամբ՝ արձանագրվել է սպանության 3 (քաղաքացիական անձանց սպանության` 2), սպանության փորձի 23 (որից 17-ը` ուղղված զինվորականների դեմ), ահաբեկչական գործողության՝ 1, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման՝ 12 (որից 8-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում), գույքի ոչնչացման ու վնասման փորձի՝ 5, գողության՝ 3, կողոպուտի՝ 2, գերեզմանները ոչնչացնելու՝ 3, խոշտանգման՝ 2, սպանության սպառնալիք տալու և մարդու առևանգման՝ 1-ական դեպքեր:

Սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 68-ը (44 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 6-ը, սպանության սպառնալիքի` 2-ը»,-  2020  թվականի  եռակողմ հայտարարությունից  առ  այսօր  Ադրբեջանի  կողմից արցախահայության  դեմ  ուղղված  հանցավոր ոտնձգությունների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել ԱՀ  դատախազությունը:

Նշվում է, որ արցախցիների սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով հափշտակությամբ (գաղտնի և բացահայտ) ֆիզիկական անձանց պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս (հափշտակվել են խոշոր եղջերավոր անասուններ և մեկ տրանսպորտային միջոց):

Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետևանքով խոցվել կամ թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 7 տրանսպորտային միջոց (6-ը` ռազմական), շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների 1 խմբաքանակ:

Վերոհիշյալ հանցավոր դեպքերից բացի, 2020թ. նոյեմբեր ամսից սկսած Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել մոտակա բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի հետևանքով հաճախ գնդակները թափվել են բնակարանների տանիքներին կամ բակերում:

«Վերը ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է «Հայտարարության» 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պահանջը` շարունակելով հայատյաց ու հայասպան քաղաքականությունը: Դեպքերի հաջորդականությունն ու արտահայտման ձևերը վկայում են, որ դրանց բուն նպատակը ահաբեկչական է, որից արցախցուն պաշտպանող միակ գործոնն այս պահին ռուս խաղաղապահն ու հայ զինվորն է»,- ընդգծված է ԴԱտախազության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում