Արման Բաբաջանյանից ստացել եմ առաջարկ՝ իր կուսակցությամբ ընտրություններին մասնակցելու. Ստյոպա Սաֆարյան

Մի քանի օր առաջ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների հետ Տավուշի մարզում էր:
«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների հետ Տավուշում էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստոյապա Սաֆարյանը, որի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը, չնայած նրան, որ կուսակցական չէ, խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է Արման Բաբաջանյանի կուսակցությամբ:
ՀԺ-ի այն հարցին՝ ինքն է՞լ է ընտրություններին մասնակցելու «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ, Ստյոպա Սաֆարյանն ասաց.
«Ես արդեն Տավուշում էի, երբ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները եկել էին Տավուշ, այդպես ես էլ միացա նրանց: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելուն, այո՛, ես պարոն Բաբաջանյանից առաջարկ ստացել եմ, դրա համար շատ շնորհակալ եմ»:
Սաֆարյանը նշեց, որ քաղաքականություն վերադառնալու հարցում որոշ խնդիրներ է տեսնում.
«Այդ պատճառով դեռ պետք է լուրջ որոշումներ կայացնեմ: Վերջնական որոշում չունեմ ես: Չեմ կարող ասել, թե մերժել եմ նրանց, կամ մասնակցության տարբերակը լավագույնը չէ»:
Ճշտող հարցին՝ եթե որոշում կայացնի մասնակցել արտահերթ ընտրություններին, ապա «Հանուն Հանրապետության» կուսակցության հե՞տ, Ստյոպա Սաֆարյանն ասաց՝ այո.
«Մոտ օրերս վերջնական որոշում կկայացնեմ»,- եզրափակեց Հանրային խորհրդի նախագահը:
Նշենք, որ Ստյոպա Սաֆարյանը եղել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով:
Անյուտա Աթանեսյան
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
Կարծիքներ