Իրաքի վարչապետը Բայդենի հետ կքննարկի երկրի տարածքից ԱՄՆ զորքի դուրսբերման հարցը
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել է, որ մտադիր է հուլիսի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպմանը քննակել արաբական հանրապետության տարածքում ամերիկյան զինված ուժերի ներկայությունն ավարտելու հարցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես կմեկնեմ Վաշինգտոն, որպեսզի քննարկեմ ամերիկա-իրաքյան հարաբերությունների մակարդակը, մասնավորապես, Իրաքի տարածքում ԱՄՆ-ի ներկայության հարցը, և մեր երկրից նրանց զինված ուժերի դուրսբերման գործողությունը»,- ասել է նա Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հուլիսի 18-ի երեկոյան:
Մինչդեռ Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերն Իրաքում՝ նշելով, որ Միացյալ Նահանգների իշխանություններն օգնել են Բաղդադին «ոչ միայն ռազմական տեսակետից, ալեւ կրթական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում»:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի օգնությունը կարևոր է նաև հետագայում երկրի բանակի պատրաստումն իրականացնելու համար: Ավելի վաղ Բայդենի վարչակազմը տեղեկացրել է, որ հուլիսի 26-ին Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ-ի նախագահի հանդիպումն Իրաքի նախարարների կաբինետի ղեկավարի հետ: 2020 թվականի հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանն ընդունել է բանաձեւ՝ երկրի տարածքից բոլոր օտարերկրյա ուժերի լիակատար դուրսբերման մասին: Այս տարվա մարտի կեսերին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը ճշտել է, որ արաբական հանրապետությունում ամերիկյան զորքերի թվաքանակը չի գերազանցում 2,5 հազարը: Ապրիլին ալ Քազիմին հայտարարել է, որ ազգային բանակի և անվտանգության ուժերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև հաջողություններն ահաբեկիչների դեմ պայքարում թույլ են տալիս դուրս բերել օտարերկրյա զորակազմի մինչև 60 տոկոսը:
Կարծիքներ