Դավիթ Գալստյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել
ՀՀ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավիթ») նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
«Սա նոր գործ է, նախորդի հետ ընդհանրապես կապ չունի։ Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ գործի բոլոր նյութերն իրեն տրամադրվել են սեպտեմբերի 29-ի երեկոյան։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 2018-2020 թթ․ ՀՀ ՊՆ պաշտոնը զբաղեցրած Դ․Տ․-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ․Գ․-ն։ Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2.277.323.840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Դ․Գ․-ն Դավիթ Գալստյանն է, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթ»-ը, ով 2021 թվականի փետրվարի 2-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակում, իսկ մայիսին ազատ արձակվել։
Կարծիքներ