Կոտայքի մարզում նախատեսվում է ներդնել անվտանգության և վերահսկողության գերժամանակակից ավտոմատ համակարգեր

Կոտայքի մարզում նախատեսվում է ներդնել անվտանգության և վերահսկողության գերժամանակակից ավտոմատ համակարգեր

Ընդունել եմ «Enterprise Armenia» (Ներդրումների աջակցման կենտրոն) hիմնադրամի ներկայացուցիչներ Վահագն Մուղնեցյանին, Անահիտ Կարապետյանին և «Խելացի քաղաք» ներդրումային ծրագրի ներդրող «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: 

 

««Enterprise Armenia» (Ներդրումների աջակցման կենտրոն) hիմնադրամի համակարգմամբ առաջարկվող ներդրումային ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզում ներդնել անվտանգության և վերահսկողության գերժամանակակից ավտոմատ համակարգեր, ստեղծել դիտակետեր, վերահսկման և կառավարման, ինչպես նաև տեղեկատվական էկրանների համակարգեր:

 

Ներդրող Խաչատուր Սարգսյանի ներկայացմամբ՝ նշված համակարգերը հնարավորություն կտան տվյալների հավաքագրման արդյունքում վերահսկել և կառավարել քաղաքի երթևեկությունը, բարձրացնել երթևեկության անվտանգությունը, գրանցել ճանապարհային խախտումներն ու պատահարները, որոնել անհրաժեշտ տրանսպորտային միջոցները և օժանդակել շտապ բուժօգնության ծառայության աշխատանքներին:

 

Ողջունելի է բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ Կոտայքի մարզում նախատեսվող ներդրումային ծրագրի իրականացումը: Այնուամենայնիվ հետաքրքրվել եմ նաև մի շարք խորքային հարցերից և դրանց լուծմանն ուղղված քայլերի հաջորդականությունից, առաջարկել մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանումների և համայնքապետարանների համագործակցությամբ քննարկումներ իրականացնել՝ ծրագրի նպատակահարմարության և իրատեսության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով»,- գրել է մարզպետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում