Ֆրանսիայում հետաքննություն են սկսել արագընթաց գնացքների ցանցի վրա հարձակումների առնչությամբ
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի արագընթաց գնացքների ցանցը Օլիմպիական խաղերի բացումից ժամեր առաջ լայնածավալ սաբոտաժի էր ենթարկվել՝ խոչընդոտելով հարյուր հազարավոր մարդկանց տեղաշարժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France24 պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիայի անվտանգության ուժերը փորձում են գտնել հուլիսի 26-ին տեղի ունեցած հարձակումների մեղավորներին։«Մեր հետախուզական ծառայությունները և իրավապահ մարմինները մոբիլիզացված են՝ գտնելու և պատժելու այս հանցավոր գործողությունների հեղինակներին», - գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը X սոցիալական հարթակում՝ անվանելով հարձակումները «նախապատրաստված և համակարգված սաբոտաժի գործողություններ», որոնք «հսկայական և լուրջ հետևանքներ» են ունեցել երկաթուղային ցանցի համար։Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել «հիմնարար ազգային շահերը» խաթարելուն ուղղված գործողությունների փաստով՝ նշելով, որ այս հանցագործության համար սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։Դատախազությունը կհետաքննի ենթադրաբար կազմակերպված խմբի կողմից պատճառված վնասը և տվյալների մշակման ավտոմատացված համակարգի վրա հարձակումները։Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ժամեր առաջ Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցը կաթվածահար է եղել՝ ազդելով մոտ 800 000 ուղևորի վրա։
Կարծիքներ