Չինաստանի հանձնակատարը կայցելի Բրազիլիա, ՀԱՀ և Ինդոնեզիա՝ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների
Չինաստանի կառավարության Եվրասիական գործերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը հուլիսի 28-ին կմեկնի Բրազիլիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ) և Ինդոնեզիա՝ ուկրաինական հիմնախնդրի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։«Հուլիսի 28-ին Չինաստանը Եվրասիայի հարցերով ՉԺՀ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին կուղարկի Բրազիլիա, ՀԱՀ և Ինդոնեզիա՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ մաքոքային դիվանագիտության չորրորդ փուլն անցկացնելու համար», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Ինչպես պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը, Լի Հուեյը նախատեսում է կարծիքների փոխանակում անցկացնել «գլոբալ Հարավի առանցքային ներկայացուցիչների» հետ Ուկրաինայի ներկա իրադրության և խաղաղության շուրջ խորհրդակցությունների խթանման վերաբերյալ։ «Նպատակն է ավանդ ներդնել ապաէսկալացման գործում և պայմաններ ստեղծել հաշտության բանակցությունների վերսկսման համար», - հայտնել է նա։«Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, պատասխանատու մեծ տերություն: Մեր երկիրը միշտ հաստատակամորեն աջակցություն է ցույց տվել ճգնաժամի քաղաքական կարգավորմանը»,- հայտարարել է Մաո Նինը: Նա հիշեցրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի խաղաղության նախաձեռնության մասին, որի հիման վրա Չինաստանը և Բրազիլիան համատեղ մշակել են վեց կետից բաղկացած փոխհամաձայնություն, որը լայն արձագանք ու հավանություն է ստացել միջազգային հանրության կողմից:
Կարծիքներ