Նոր բախում Թրամփի և Մասկի միջև․ Մասկը սպառնում է Հանրապետականներին, Թրամփը՝ Մասկին

Ամերիկյան քաղաքական և բիզնես վերնախավում նոր լարվածություն է։ Նախագահ Դոնալդ Թրամփը և միլիարդատեր գործարար Էլոն Մասկը կրկին սուր հակասությունների մեջ են՝ այս անգամ՝ պետական բյուջեի և սուբսիդիաների հարցում։
Մասկը կոշտ քննադատել է Թրամփի նոր տնտեսական օրակարգը՝ մասնավորապես այն բյուջետային փաթեթը, որը, փորձագետների գնահատմամբ, կարող է մինչև 3 տրիլիոն դոլարով ավելացնել ԱՄՆ-ի պետական պարտքը։ Մասկը հայտարարել է, որ այդ բյուջեն «մսոտ» է՝ լի անպատասխանատու ծախսերով, և ուղիղ թիրախավորել է այն հանրապետականներին, որոնք նախընտրական ծրագրերում խոստանում էին կրճատել պետական ծախսերը, բայց այժմ քվեարկել են դրա օգտին։
«Նրանք պետք է ամաչեն։ Եվ եթե դա վերջին բանն է, որ պետք է անեմ այս կյանքում, կանեմ՝ նրանք չպետք է վերընտրվեն», – գրել է Մասկը X-ում։
Նա նաև կրկին ակնարկել է նոր կուսակցության ստեղծման անհրաժեշտության մասին՝ հեգնանքով հավելելով․
«Մենք ապրում ենք մեկ կուսակցություն ունեցող երկրում՝ ԽՈԶԱԿԵՐՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ»։
Ի պատասխան՝ Թրամփը հեգնանքով ասել է, որ առանց պետական սուբսիդիաների Մասկի բիզնես կայսրությունը վաղուց փլուզված կլիներ։ Նա հավելել է․
«Էլոնը, հնարավոր է, պատմության մեջ ամենաշատ սուբսիդիա ստացած մարդն է։ Առանց դրանց՝ նա վաղուց փակել էր խանութը ու վերադարձել Հարավային Աֆրիկա։ Ոչ մի հրթիռ, արբանյակ կամ էլեկտրամեքենա չէր լինի։ ՄԵԾ գումար կա խնայելու։ Թող DOGE-ն մի լավ նայի», – գրել է Թրամփը Truth Social-ում՝ հղում անելով Կառավարական Արդյունավետության վարչությանը (DOGE), որը ժամանակին ղեկավարում էր հենց Մասկը։
Մասկը չի լռել․ նա գրել է․
«Ես բառացիորեն ասում եմ՝ ԿՏՐԵՔ ԲՈԼՈՐ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ։ Հիմա»։
Թրամփի և Մասկի բախումը դուրս է գալիս անձնական տարաձայնությունների շրջանակից։ Այժմ այն ստանում է իրական քաղաքական բնույթ՝ սպառնալով ոչ միայն Հանրապետական կուսակցության ներսում միասնությանը, այլև խարխլելով Թրամփի հեղինակությունը նրան աջակցած գործարար համայնքի շրջանում։ Մասկի հռետորաբանությունը և կոշտ քննադատությունը վկայում են, որ այս բախումը ժամանակավոր վեճ չէ, այլ խորացող պառակտում՝ վերնախավում։
Կարծիքներ