Վրաստանում սողանքի հետևանքով կա 3 զոհ
Վրաստանի արևմտյան Իմերեթի երկրամասում սողանքը բնակելի տներ է ծածկել, որի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Առատ տեղումների պատճառով Իմերեթիի տարածաշրջանում սողանք է տեղի ունեցել, որը ծածկել է չորս բնակելի շենք... Բաղդատի մունիցիպալիտետի Ներգեթի գյուղում որոնողափրկարարական միջոցառումների ընթացքում փրկարարները փրկել և անվտանգ վայր են տեղափոխել մեկ մարդու, հայտնաբերել են երեք մարդու դի», - մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված հայտարարությունից։
Փրկարարները շարունակում են ևս վեց մարդու որոնողական աշխատանքները։ Տարերքի գոտում է գտնվում Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին։ Գերատեսչությունում հավելել են, որ տեղում աշխատում են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ, հատուկ տեխնիկա, կինոլոգների խումբը։
Փետրվարի 6-ին եղանակը կտրուկ վատացել է ամբողջ Վրաստանում։ Երկրի արևմուտքում, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել, ինչը խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։ Վատ եղանակը կպահպանվի մի քանի օր:
Կարծիքներ