Ամբողջ Բելառուսում արդեն չորրորդ օրն է՝ բողոքի ցույցեր են անցկացվում
Ամբողջ Բելառուսում արդեն չորրորդ օրն է՝ բողոքի ցույցեր են անցկացվում այն մարդկանց կողմից, ովքեր դժգոհ են ընտրությունների արդյունքներից։
Այսօր ամբողջ Բելառուսում կանայք ծաղիկներով փողոց են դուրս գալիս՝ ի նշան անվտանգության ուժերի դաժանության դեմ բողոքի:
TUT.by բելառուսական պորտալը հայտնում է լրագրողների եւ ցուցարարների կալանավորման մասին:
Կալանավորվել են «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության քաղաքական վերլուծաբան Վիտալի Ցիգանկովը եւ նրա կինը՝ Օլգա Ցիգանկովան: Երկուսն էլ գտնվում են Մոսկովյան շրջանի ՆԳ բաժնում: Կալանավորել են նաեւ «Բելսատ»-ի լրագրողներ Լյուբով Լունեւային եւ Դմիտրի Սոլտանին, հայտնում է Ժուռնալիստների բելառուսական ասոցիացիան:
«Ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց մեքենան Նեմիգայի վրա եւ պահանջեց դուրս գալ,- ռադիոկայանին պատմել է Օլգա Ցիգանկովան: - Հաշվի առնելով բոլոր իրադարձությունները, երբ մարդկանց դուրս են հանում մեքենայից, ծեծի են ենթարկում եւ կալանավորում են, ես հրաժարվեցի: Ասացի, որ փաստաթղթերը մեքենայից ցույց կտամ: Ճանապարհային ոստիկանը շատ կտրուկ արձագանքեց, սկսեց իջեցնել ապակին, հարվածել մեքենային, ատրճանակը պահել գլխիս եւ պահանջել դուրս գալ: Այդ պատճառով ես առաջ քշեցի: Մեզ շրջապատեցին ճանապարհային ոստիկանության մի քանի մեքենաներ, Վիտալիին դուրս քաշեցին մեքենայից, ծեծեցին, ասֆալտին գցեցին։ Այժմ մենք գտնվում ենք Մոսկովյան շրջանի ՆԳ բաժնում»:
Մինսկում ՕՄՕՆ-ը պոմպային հրացաններից կրակ է բացել այն մարդկանց վրա, որոնք պատշգամբներից արձագանքել են բողոքող ցուցարարներին, հայտնում է Sputnik Belarus-ը:
«Ձերժինսկու պողոտայում, մետրոյի «Գրուշեւկա» կայարանի հարեւանությամբ հավաքվածների մոտ են վազել հատուկ ծառառյությունների աշխատակիցները։ Ցուցարարները փախուստի են դիմել: Մոտակա բարձրահարկ շենքերի պատշգամբներից մարդիկ բղավել են նրանց, թե որտեղ թաքնվեն, ի պատասխան «համակարգողների» ուղղությամբ մի քանի անգամ կրակել են պոմպային հրացաններից»,- գրում է գործակալությունը:
Կարծիքներ